ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հին ու նոր կադրեր

Հին ու նոր կադրեր
01.02.2019 | 03:51

«ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԻՆՁ ՎԵՐԱԳՐՈՒՄ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ»
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ (գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ)

-Կառավարության նոր կառուցվածքում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության նախարարությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, ուստի ուզում եմ ճշտել` ինչո՞վ եք մտադիր զբաղվելու հետագայում։
-Կարծում եմ և հուսով եմ, որ կշարունակեմ աշխատել պետական համակարգում։
-Պետական համակարգի ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում։
-Ցանկացած ոլորտում։
-Այսինքն, եթե առաջարկեն աշխատել մշակութային ոլորտում, կհամաձայնե՞ք։
-Ոչ, ցանկացած ոլորտ ասելով նկատի ունեմ այն ոլորտները, որտեղ իմ ներուժը և կարողությունները համապատասխան կլինեն։
-Եվ ո՞ր ոլորտին է համապատասխանում Ձեր ներուժը։
-Հիմա բոլոր ոլորտները թվարկե՞մ։
-Գոնե մեկը։
-Նույն գյուղատնտեսության ոլորտում ես սիրով կարող եմ շարունակել աշխատել, եթե առաջարկ լինի։

-Եթե գյուղատնտեսությունը միացվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ փոխնարար կաշխատե՞ք:

-Ամեն դեպքում, շատ մեծ խնդիրներ չունեմ պաշտոնի հետ կապված։
-Պարոն Գևորգյան, ինչու՞ գյուղատնտեսության նախարարությունում ծավալուն ուսումնասիրություններ, հետաքննություններ չիրականացվեցին և աղմկահարույց բացահայտումներ չեղան, այն դեպքում, երբ ստուգող մարմինները բոլոր նախարարությունները մի լավ «թափ տվեցին»։ Ինչո՞վ է սա պայմանավորված, գյուղատնտեսության նախարարությունն անթերի՞ է աշխատել։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երևի թե հարցը պետք է ուղղեք ստուգող մարմիններին։
-Դուք գյուղատնտեսության ոլորտում բարձր պաշտոն եք զբաղեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք և պաշտոնի բարձրացում ունեցաք Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում։ Ըստ Ձեզ, ոլորտում իրականացվող քաղաքականությունը փոխվե՞լ է, թե՞ շարունակվում են նախորդ կառավարության ծրագրերը։
-Այո, մենք մշակել ենք նոր ռազմավարություն, շեշտը դնելով ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային բարեփոխումների վրա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք նախորդ կառավարության կողմից հաստատված նորմալ և արդյունավետ ծրագրերը չենք շարունակելու։ Դրանցից են կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրերը, որոնք իրականացվում են։
-Ամեն դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ լինելով Կարեն Կարապետյանի թիմից, մնացիք և շարունակեցիք աշխատել։
-Ինչու՞ եք ինձ վերագրում Կարեն Կարապետյանին։
-Որովհետև Կարեն Կարապետյանի օրոք պետական ապարատում բարձր պաշտոն զբաղեցրիք։
-Ես աշխատել եմ համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար, ի՞նչ է, կարծում եք դա ավելի ցա՞ծր պաշտոն է, քան գյուղատնտեսության հիմնադրամի տնօրենը։
-Համաշխարհային բանկը միջազգային կառույց է, իսկ հիմնադրամը` պետական կառավարման համակարգի օղակ։ Հիմա ուզում եմ հասկանալ` ինչու՞ միայն Դուք մնացիք այս կառավարությունում, իսկ մյուսները փոխվեցին։
-Ես կադրերին հին ու նոր որակումներ չեմ ուզում տալ։

«ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է»

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(տնտեսական զարգացման և ներդրումների նախարար)
-Պարոն Խաչատրյան, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի հետ զրույցում պարզվեց, որ նա պատրաստ է ստանձնելու փոխնախարարի պաշտոնը՝ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսական զարգացման նախարարությանը միացնելուց հետո։ Իսկ գուցե Դուք Ձեր թեկնածու՞ն ունեք, կամ ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործընկերոջ այս մոտեցումը։
-Նախարարների և նախարարների տեղակալների նշանակման մասին բոլոր որոշումները կայացնում է վարչապետը։ Պարոն Գևորգյանը իմ գործընկերն է, նախարարությունում կան լավ կադրեր, հուսով եմ, որ նրանք այս կամ այն ձևաչափով կլինեն և կշարունակեն պատասխանատու մնալ իրենց գործառույթների համար։
-Եթե գյուղատնտեսությունը միացվի տնտեսական զարգացման նախարարությանը, բեռը մեծ չի՞ լինի, և արդյո՞ք գյուղատնտեսությունը չի տուժի։
-Կառավարության կառուցվածքում լինելու է միասնական նախարարություն։ Հիմա գյուղատնտեսությու՞նը կմիացնեն էկոնոմիկային թե՞ էկոնոմիկան գյուղատնտեսությանը, չեմ կարող ասել։ Համենայն դեպս, պետք է անել ամեն ինչ, որպեսզի ոլորտը ոչ միայն չտուժի, այլև ավելի արդյունավետ աշխատի։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ